Ռուսաստանյան խոշոր 20 բանկերից մեկը՝ «Промсвязьбанк»-ը, հայտնել է, որ 1 ԱՄՆ դոլարի գինը 77,5 ռուբլի է, իսկ առաջիկայում կարող է հասնել 80-ի։ Ազգային տարադրամի արժեզրկումը, հավանաբար, կշարունակվի։ РБК-ն վկայակոչել է «Промсвязьбанк»-ի վերլուծաբան Ալեքսեյ Եգորովին, որ ասել է, թե ընդհանուր իրավիճակի վրա ազդում է պետական բյուջեի սեկվեստրի հնարավորությունը, որի մասին խոսում են ամենաբարձր ատյաններում։ Սեկվեստրը բյուջեի ծախսային մասի կրճատումն է` պետությունը բյուջեով ծրագրում է կոնկրետ գումար այս կամ այն ծրագրի համար, հետո պարզվում է, որ փող չկա, ելքը` ծրագիրը սառեցնելն է։ Հաճախ հարվածի տակ են հայտնվում սոցիալական հոդվածները։ 2016-ի սեկվեստրի գումարը կարող է կազմել 700 միլիարդ ռուբլի՝ 9 միլիարդ 300 միլիոն ԱՄՆ դոլար։ Սեկվեստրի ծավալը կկազմի բյուջեի 10 տոկոսը։ Reuters-ը նշում է, որ 2015-ի տարեսկզբին ՌԴ կառավարությունն արդեն իրականացրել է 10 տոկոսի սեկվեստր։ Դաշնության բյուջեի մուտքերի զգալի մասն ապահովում է էներգակիրների վաճառքը, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն իջել է մինչև 32 դոլար։ Պետբյուջեն կրճատելու հարցը քննարկվել է անցած տարվա դեկտեմբերին` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ հատուկ նիստում։ «Կա Դմիտրի Անատոլևիչի մոտ գումարված խորհրդակցության արձանագրությունը, որի համաձայն, գերատեսչությունները մինչև 2016-ի հունվարի 15-ը պետք է ներկայացնեն բյուջետային պարտավորությունները 10 տոկոսով կրճատելու առաջարկներ»,- Reuters-ին ասել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մասնակցել են խորհրդակցությանը։ Բյուջետային աշխատողների և զինծառայողների աշխատավարձերը սեկվեստրի չեն ենթարկվի։
«Коммерсантъ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Բուտրինի փոխանցմամբ, սեկվեստրի պաշտոնական որոշում չկա, սակայն ենթադրվում է, որ առաջիկա օրերին կընդունվի։Սեկվեստրն առաջին եռամսյակի ծախսերի վրա չի տարածվի։
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ամբիոնի դասախոս Նիկոլայ Կորժենևսկու համոզմամբ, նավթի ներկա գնի պայմաններում սեկվեստրն անխուսափելի է։ Իսկ «Открытие Брокер» ընկերության փորձագետ Սերգեյ Խեստանովի կարծիքով, տարվա ընթացքում գուցե ընդունվի նաև երկրորդ սեկվեստրի որոշումը, որովհետև տարին շատ ծանր է ռուբլու համար։ «Ռուբլու արժեզրկումը ընդունելի սահմաններում պահելու համար անհրաժեշտ է 20 տոկոսի սեկվեստր, 10 տոկոսը սոսկ առաջին քայլն է»,- ասել է Խեստանովը։ Ըստ «Коммерсантъ»-ի, 2016-ի բյուջեն Ռուսաստանում կազմել են, ենթադրելով, որ Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը կլինի 50 դոլար, 1 դոլարի գինը` 63 ռուբլի, իսկ տնտեսության տարեկան աճը՝ 0,7 տոկոս, այսօրվա դրությամբ Urals-ի բարելի գինը 30 դոլարի չի հասնում, 1 դոլարն էլ 76 ռուբլի է։ Դեռ գործող բյուջեով եկամուտը պետք է կազմի 13 տրիլիոն 738 միլիարդ ռուբլի, իսկ ծախսերը` 16 տրիլիոն 99 միլիարդ, պակասուրդը` 2 տրիլիոն 360 միլիարդ, ինչը համախառն ներքին արդյունքի 3 տոկոսն է։ Ավելի հոռետեսական կարծիք է հայտնել Rusenergy ընկերության հետ համագործակցող փորձագետ Միխայիլ Կրուտիխինը։ Նրա համոզմամբ, «Роснефть» ընկերությունը նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր գնով` մեկ բարելի արդյունահանումը պահանջում է 35-37 դոլար, 29 դոլարով վաճառելու դեպքում ընկերությունը կորցնում է ներդրածի 20 տոկոսը։ «Նավթի մեկ բարելի 30 դոլար գնի դեպքում Ռուսաստանի պետական գանձարանն աստիճանաբար կդատարկվի»,- ասել է Trusted Sources խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Քրիստոֆեր Գրենվիլը։
Եթե նավթի գներն ապագայում ևս նվազեն, բյուջեի պարամետրերը, որոնք այժմ հաշվարկված են մեկ բարելի դիմաց 50 դոլար գնով՝ միջին արժեքից ելնելով, հստակեցման կարիք կունենան՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստանն ու աշխարհը. հայացք ապագային» ֆորումում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել «վատագույն սցենարին», ինչպես անում են այլ երկրներում։ «Մեր քաղաքականության հիմնարար սկզբունքը պետք է նույնը մնա. պետք է ապրել ունեցած միջոցներին համարժեք»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ բյուջետային խնայողությունը պետք է անդրադառնա նախ պետական ապարատի ծախսերին։ Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ տեսք կարող են ունենալ «վատագույն սցենարները»։ Ֆինանսների նախարարությունը քննարկում է «սթրեսային» բյուջեի 2 տարբերակ՝ նավթի մեկ բարելի դիմաց 40 կամ 25 դոլար սակագնի դեպքում։ Առաջին տարբերակը բազային է համարվում, իսկ երկրորդ տարբերակում վտանգ կա դուրս գալ ՀՆԱ-ի 3 % դեֆիցիտի սահմաններից: